2025 թվականի հունիսի 26-ին շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի (ՍՕՋԻ) հետ համատեղ կազմակերպել է Սառնամատակարարման համաշխարհային օրվան նվիրված ամենամյա միջոցառում «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության, միջազգային համագործակցության վարչությունների, ՄԱԱԶԿ հայաստանյան գրասենյակի, ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչներ, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի խորհրդի անդամներ, Երևանի թիվ 2 և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության դասախոսներ, «Վեգա Ուրլդ» ՍՊԸ-ի ու ոլորտային որոշ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը, ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանը և ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Հարությունյանը: Շնորհավորելով միմյանց՝ նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին սերտ համագործակցության և ձեռքբերումների համար՝ ընդգծելով, որ արձանագրված հաջողությունները բոլոր օղակների՝ սառնարանային ոլորտի հասարակական և բիզնես կազմակերպությունների, ոլորտային մասնագետների, միջին մասնագիտական կրթություն ապահովող քոլեջների տնօրենների և դասախոսների, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի և պետական մյուս շահագրգիռ գերատեսչությունների գործընկերների հետևողական աշխատանքի և նվիրումի արդյունքն են։
Օրվա խորհուրդը կրող հանդիպում-քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց սառնամատակարարման ոլորտի դերին Երկիր մոլորակի կայունության հարցում և համաշխարհային տնտեսության մեջ, ստանդարտացման կարևորությանը սառնամատակարարման ոլորտում, թափոն համարվող սառնարանային սարքավորումների վերամշակման մեթոդներին և վտանգավոր թափոնների նվազեցման ռազմավարությանը: Առանձնահատուկ ուշադրություն հրավիրվեց այս ոլորտում կանանց ներգրավվածության անհրաժեշտության և կարևորության վրա:
Միջոցառումն ամփոփվեց ճանաչողական այցով «Երևանի գարեջուր» ՓԲԸ, որտեղ ոլորտի մասնագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու բնական սառնագենտով` ամոնկիակով աշխատող սառնարանային սարքավորումների առավելություններին և դրանց կիրառման օրինակներին:












