Օզոնի
ծրագիր

Սեպտեմբերի 16. ազգային ստանդարտների կարևորությունը
11.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 11-ին Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան ընդառաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հետ համատեղ կազմակերպված «Ազգային ստանդարտների կարևորությունը» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցեցին մասնագիտական համայնքի շուրջ 35 ներկայացուցիչ՝ դասախոսներ, սառնարանային և օդորակման ոլորտի մասնագետներ, փորձագետներ, ուսանողներ, ասպիրանտներ:

Հանդիպմանը որպես խոսնակ հանդես եկան Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի տնօրենի տեղակալ Հայկ Զեյնալյանը և նույն կառույցի տեսակի հաստատման բաժնի մասնագետ Լուսինե Խաչատրյանը, ՃՇՀԱՀ Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ Աննա Քարամյանը, Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Հարությունյանը, Զվարթնոց միջազգային օդանավակայանի ավագ ինժեներ Սաշա Մկրտչյանը:

Բացման արարողությունը մեկնարկեց Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձ կատարվեց հանդիպման նպատակներին և ակնկալիքներին:

Ելույթով հանդես եկավ Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի Ստանդարտացման և ՉՄ տեսակի հաստատման բաժնի մասնագետ Լուսինե Խաչատրյանը, ով ամփոփ սահիկաշարով ներկայացրեց ստանդարտների մշակման, ընդունման, հաստատման փուլերը և ձեռքբերման կարգը: Տիկին Խաչատրյանը շեշտեց ՀՍՏ ԻՍՕ 22712-2024 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անձնակազմի իրավասություն (կոմպետենտություն)» ընդունման կարևորության և կիրառման ոլորտների, ինչպես նաև դրանով սահմանվող իրավասության չափորոշիչների գնահատման մեխանիզմների մասին:

Ինտերակտիվ քննարկմանն անդրադարձ կատարվեց օզոնային շերտի պահպանության և ստանդարտների միջև կապին, վերջինիս կիրառման արդյունքում սառնամատակարարման և օդորակման ոլորտում գործարկվող ժամանակակից տեխնոլոգիական լուծումների արդյունավետությանը, ինչպես նաև ներկայացված ստանդարտների կիրառման միջազգային փորձին:

Քննարկումն ամփոփվեց այն շեշտադրմամբ, որ ոլորտում գործող բոլոր սուբյեկտների միջև համագործակցությունը պետք է բարձրացվի նոր մակարդակի՝ այն դարձնելով էլ ավելի արդյունավետ:

Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են ՇՄՆ-ի կողմից ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում: