2025 թ. սեպտեմբերի 17-ին Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում մեկնարկել են Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա շրջանակներում իրականացվելիք դասընթացները, որին մասնակցել են Արմավիրի և Երևանի տարածաշրջանային պետական քոլեջների առաջին կուրսի ուսանողները:
Հաջորդ դասնընթացը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում։ Այս ուսումնական հաստատություններում դեռևս 2018 թվականին, Շրջակա միջավայրի և ԿԳՄՍ նախարարությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում դասասենյակները և արհեստանոցները համալրվել էին սարքավորումներով, ինչպես նաև իրականացվել էր դասախոսական կազմի վերապատրաստում։
Հետագայում՝ 2019 թվականին, ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը մշակեց չափորոշիչներ, ինչի հիման վրա կառավարության որոշմամբ մասնագիտությունների ցանկում ավելացվեց «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը։ Նույն տարում մեկնարկեց նաև ուսանողների ընդունելությունը երեք տարածաշրջանային պետական քոլեջներում։
Արմավիրում և Արարատում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպել և դասախոսություն են կարդացել Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ղեկավարը, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի հիմնադիր-անդամ, կառավարման խորհրդի անդամ Նորայր Ասրյանը և ոլորտի այլ փորձագետներ։
Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության արդիականությունն ու պահանջարկը, ընդգծել ոլորտի բացասական մեծ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, խոսել է օզոնային շերտի քայքայման հետևանքների։
Նորայր Ասրյանը, իր կողմից պատրաստված սահիկաշարի միջոցով, ուսանողներին ներկայացրել է սառնամատակարարման և օդորակման համակարգերի պատմությունը, սարքավորումների կառուցվածքը, դրանց տեղադրման, սպասարկման ու ապամոնտաժման առանձնահատկությունները, որակյալ մասնագետների մեծ պահանջարկը աշխատաշուկայում, մասնագիտական պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը և այլն։ Բացի այդ, ներկայացվել են անվտանգության կանոնները և սարքավորումներում կիրառվող գազերի ազդեցությունը օզոնային շերտի վրա։
«Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը շարունակում է արդյունավետ համագործակցությունը ԿԳՄՍ-ի, քոլեջների, ՍՕՋԻ ասոցիացիայի հետ՝ նպաստելու քոլեջների նյութատեխնիկական բազայի շարունակական արդիականացմանը, դասախոսների գիտելիքների ավելացմանը և վերջիններիս կողմից կիրառվող մեթոդաբանության զարգացմանը:






