Օզոնի
ծրագիր

Շահագրգիռ կողմերի 2019 թվականի ամփոփիչ հանդիպում
19.12.2019

2019 թվականի դեկտեմբերի 19-20-ին Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպված շահագրգիռ կողմերի 2019 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության շահագրգիռ գերատեսչությունների և սառնարանային ոլորտի մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Հանդիպմանը մասնակցում էր ՄԱԱԶԿ (UNIDO) հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, ով իր ողջույնի խոսքում գոհունակությամբ արձանագրեց Մոնրեալի արձանագրության շրջանակներում Օզոնի ծրագրով իրականացված մեծածավալ աշխատանքները և արձանագրված շոշափելի արդյունքները:

Առաջին օրը սկսվեց Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ելույթով, որը վերաբերում էր նախորդ տարվա ամփոփիչ հանդիպման արդյունքում արձանագրված միջոցառումների կատարողականին: Ելույթում համառոտ ամփոփված էր Օզոնի ծրագրի տարեկան գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ որի՝

  • Հայաստանը վավերացրել է Կիգալիի փոփոխությունը,
  • ներդրվել է ՕՔՆ ներմուծման/արտահանման էլեկտրոնային լիցենզավորման համակարգ,
  • իրականացվել է «Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման  և օդորակման ոլորտում» աշխատաժողովների շարք,
  • մշակվել են ուսումնական ձեռնարկներ ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների համար, ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» նոր մասնագիտություն երեք քոլեջներում,
  • Երևանում բացվել է շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն, որը նախատեսված է սառնարանամատակարարման և օդորակման ոլորտում ինժեներական և տեխնիկական անձնակազմի վերապատրաստման և սերտիֆիկացման համար,
  • մշակվել են ՕՔՆ այլընտրանքային նյութերի ներմուծման մեխանիզմներ (իրավական ակտեր),
  • ուսումնասիրվել են 5-12-րդ դասարանների բնագիտական առարկաների դասագրքերը, ներկայացվել արաջարկություններ առկա բացթողումները շտկելու համար,
  • իրականացվել է համագործակցություն ՀԿ-ների հետ,
  • իրականացվել են միջոցառումներ՝ նվիրված Օզոնային շերտի պահպանության միջազգային  օրվան:

Երկրորդ օրը հանդիպմանը մասնակցեցին նաև սառնամատակարարման ոլորտի ներկայացուցիչներ, որոնց ներկայացվեց ՀՍՏ EN 378 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր՝ անվտանգության և բնապահպանական պահանջներ» ստանդարտը, դրա առանձնահատկությունները և դրա կիրառման կարևորությունը: Մասնակիցներին ներկայացվեց նաև հիդրոմետ ծառայության կողմից իրականացվող օզոնային շերտի դիտարկումները և օզոնային շերտի դիտարկումների արբանյակային պատկերներն ու դրանց էլեկտրոնային հարթակները:

Հանդիպման ավարտին նախապես ձևավորված 3 աշխատանքային խմբերի («Օրենսդրություն», «Կրթություն և իրազեկվածություն», «Սառնարանային ոլորտ»)  կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք կներառվեն Օզոնի ծրագրի 2020 թ. աշխատանքային ծրագրում: