2024 թվականի նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Օգտագործված կամ անցանկալի կարգավորվող նյութերի տվյալների գույքագրման նախապատրաստում» և «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» փոքրածավալ ծրագրերի շահագրգիռ կողմերի հանդիպում-քննարկումը:
Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) օզոնային ցանցի տարածաշրջանային համակարգող Հալվարթ Քյոփենը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչները, Երևանի և Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության դասախոսները, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի անդամները, «Վեգա Ուորլդ» ՍՊԸ ներկայացուցիչը և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները:
Միջոցառման առաջին մասում պարոն Հալվարթ Քյոփենը ներկայացրեց վերը նշված ծրագրերը՝ շեշտելով երկրի կողմից Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը:
Հանդիպման խոսնակները անդրադարձան Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականությանը, ոլորտի իրավակարգավորումներին, դրանց վերամշակման կենտրոններին և Հայաստանում առկա տեխնոլոգիական պոտենցիալին, երկրի լաբորատոր հզորություններին, ծրագրի շրջանակներում տվյալների հավաքագրման ընթացքին ու արդյունքներին, տվյալների հավաքագրման մեթոդոլոգիային (COPA), օգտագործման ոչ ենթակա սառնագենտների (թափոններ) ոչնչացման հնարավոր եղանակներին և դրանց կիրառելիությանը Հայաստանում: Ոլրորտի քաղաքականությունը և իրավակարգավորումները համապարփակ ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Էռնա Սահակյանը:
Երկրորդ մասում ՏԿԵՆ-ի ներկայացուցիչ Աիդա Ադամյանը համապարփակ ներկայացրեց Հայաստանում իրականացվող քաղաքականությունը՝ ուղղված էներգաարդյունավետությանը, ոլորտի իրավակարգավորումները: «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արթուր Չոբանյանը մասնակիցներին ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, Շրջակա միջավայրի հետ 2024 թվականին կնքված համագործակցության հուշագրի ներքո և համապատասխան լիցենզիայի հիման վրա թափոնների ոլորտում իրականացվող գործունեությունը, էներգախնայողության ոլորտում կատարված և կատարվելիք քայլերը: Մասնակիցներին ներկայացվեց նաև «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ իրականացվող սպառողների վարքագծի ուսումնասիրության նպատակով իրականացվող հարցման առաջին փուլի արդյունքները:
Շահագրգիռ կողմերի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2025 թվականին՝ կատարված աշխատանքների արդյունքների ամփոփման նպատակով: Միջոցառմանը մասնակցեց 14 կին և 15 տղամարդ: