Օզոնի
ծրագիր

Շահագրգիռ կողմերի հանդիպում 2025
14.02.2025

2025 թվականի փետրվարի 13-ին և 14-ին  Շրջակա միջավայրի նախարարության՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում  անցկացվել է շահագրգիռ կողմերի հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել 2024 թվականի ընթացքում ձեռնարկված միջոցառումները և 2025 թվականի համար հաստատված ծրագրային ուղղություները:

Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների,  նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչները, Երևան քաղաքի, Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզային որոշ քոլեջների տնօրեններ և դասախոսներ, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի անդամները, ոլորտի տնտեսավարողները և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱՇՄԾ (UNEP) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող Հալվարթ Քյոփենը, ՄԱԱԶԿ (UNIDO) արդյունաբերական զարգացման մասնագետ  Էլենա Միչևան, Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանը, ՇՄՆ մթնոլորտային օդի քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը և օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։ Հանդիպման առաջին օրը ներկայացվեց 2024 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակներում իրականացված գործողությունները: Մասնավորապես՝ «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի համատեքստում խոսվեց մշակված իրավական ակտերը, Մոնրեալի արձանագրությամբ կարգավորվող նյութերի սպառման տվյալների ճշգրիտ և ժամանակին հավաքագրումն ու հաշվետվությունների ներկայացումը, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ամրապնդմանն ու իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները և այլ թեմաներ:

Այնուհետև՝ «Օգտագործված կամ անցանկալի կարգավորվող նյութերի տվյալների գույքգրման նախապատրաստում» և «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրերի համատեքստում անդրադարձ կատարվեց Հայաստանում էներգաարդյունավետության և թափոնների կառավարման քաղաքականություններին, ոլորտների իրավակարգավորումներին, Հայաստանում առկա տեխնոլոգիական պոտենցիալին, ինչպես նաև ծրագրերի շրջանակներում տվյալների հավաքագրման ընթացքին ու արդյունքներին:

Հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, մասնակիցներին ներկայացվեց «Կիգալիի փոփոխության իրականացման ծրագիր. հիդրոֆտորածխածինների փուլային կրճատում» ծրագրի 1-ին փուլի գործողությունները 2025 թվականի կտրվածքով. օրենսդրական դաշտի ամրապնդում, սառնամատակարարման ոլորտի համակարգման տեխնիկական, մասնագիտական և իրավապահ մարմինների կարողությունների հզորացում և այլն:

Հանդիպման ավարտին անդրադարձ արվեց «Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում. 3-րդ փուլ» ծրագրային փաստաթղթին, որը ներկայացվել է Գործադիր կոմիտեի 96-րդ նիստին՝ հաստատման,  և իրականացվելիք գործողությունների շրջանակներում շահագրգիռ կողմերի հետ կապերի ամրապնդմանը՝ ծրագրերում համագործակցային ներգրավվածության ակնկալիքով:

Միջոցառմանը մասնակցեց 17 կին և 19 տղամարդ: