Օզոնի
ծրագիր

Շահագրգիռ կողմերի 2025թ. տարեվերջյան խորհրդակցություն
19.12.2025

2025 թվականի դեկտեմբերի 18–19-ին տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի շահագրգիռ կողմերի տարեկան ամփոփիչ հանդիպումը։ Միջոցառումը հարթակ հանդիսացավ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների ներկայացման, միջգերատեսչական համագործակցության արդյունքների քննարկման և առաջիկա քայլերի ուրվագծման համար։

Հանդիպմանը մասնակցեցին ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչը, շահագրգիռ պետական մարմինների և կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՇՄՆ ոլորտային ստորաբաժանումներից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից, Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունից,  Հայաստանի ամերիկյան համալսարանից, ինչպես նաև Արարատի, Արմավիրի և Երևանի պետական տարածաշրջանային քոլեջներից։ Մասնակցեցին նաև Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի (ՍՕՋԻ) անդամներից և ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներից։

Հանդիպման առաջին օրը ներկայացվեցին 2025 թվականի ընթացքում նախաձեռնած իրավակարգավորումները, սառնամատակարարման ոլորտում ձևավորված համագործակցությունը, այդ թվում՝ մաքսային ծառայության հետ փոխգործակցության փորձը, ինչպես նաև հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները։

Հանդիպման երկրորդ օրը անդրադարձ կատարվեց «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» և «Օգտագործված կամ անցանկալի կարգավորվող նյութերի տվյալների գույքագրում» ծրագրերի շրջանակում իրականացված գործողություններին։ Քննարկման առանցքում էին Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձագետների կողմից մշակված օզոնաքայքայիչ նյութերի (ՕՔՆ) և հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) էկոլոգիապես անվտանգ կառավարման կազմակերպման մոտեցումներն ու մոդելները, որոնք միտված են ոլորտում կայուն և պատասխանատու գործելակերպի ձևավորմանը։

Երկօրյա հանդիպման ընթացքում ամփոփվեցին «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի 2025 թվականի հիմնական արդյունքները և քննարկվեցին սառնամատակարարման ոլորտում էներգաարդյունավետ ու էկոլոգիապես անվտանգ կառավարման հետագա ուղղությունները։