Օզոնի
ծրագիր

Աշխատանքային հանդիպում նվիրված ՕՔՆ և ՀՔՖԱ տվյալների խաչաձև ստուգմանը
16.03.2022

Շրջակա միջավայրի նախարարությունը Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում 2022 թվականի մարտի 15-ին նախաձեռնել էր օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների փաստացի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև նախարարության կողմից տրամադրված ներմուծման, արտահանման լիցենզիաների համեմատական վերլուծություն:

Այս նպատակով քննարկմանը հրավիրվել էին Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետներ:

Հանդիպման ընթացքում իրականացվեց խաչաձև ստուգում նախարարության կողմից տրամադրված ներմուծման, արտահանման լիցենզիաների և մաքսային ծառայության կողմից տրամադրված տվյալների միջև, ինչի արդյունքում արձանագրվեց տվյալների համապատասխանություն, բացառությամբ ՀՖԱ 134A-ի առումով, որտեղ ի հայտ եկան աննշան շեղումներ, որոնք պայմանավորված են ՀՖԱ-ների կարգավորիչ միջոցների 2021 թ-ի ապրիլի 18-ից ուժի մեջ մտնելու հանգամանքով. մինչ այդ ներկրումը երկիր եղել է առանց լիցենզավորման:

Քննարկվել է նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված հաշվետվության ձևաչափի և ներպետական օրենսդրությամբ սահմանված հաշվետվության ձևաչափի ներդաշնակեցման անհրաժեշտությունը և հաշվետվությունների հաշվառման գրանցամատյանում համարժեք փոփոխությունների նպատակահարմարությունը: Որոշում կայացվեց երկշաբաթյա ժամկետում կազմել համապատասխան իրավական ակտերի նախագծերը: