Օզոնի
ծրագիր

Ճանաչողական այց «Ամբերդ» օզոնաչափական դիտակայան ԵՊՏՀ ուսանողների համար
11.06.2022

2022թ.-ի հունիսի 11-ին «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մաքսային վարչարարություն» մագիստրոսական ծրագրի «Կանաչ մաքսատուն» առարկան սովորող ուսանողների համար կազմակերպել էր ճանաչողական այց ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ամբերդ» օզոնաչափական դիտակայան:

Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ուսանողներին իրազեկեց օզոնային շերտի կարևորության, արևի վտանագավոր ՈՒՄ ճառագայթներից պաշտպանվելու անհրաժեշտության, ոլորտի իրավակարգավորումների՝ մասնավորապես «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվեցիայի, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության և վերջինից բխող Կիգալիի փոփոխության մասին։

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով մասնակիցներին հնարավորություն չընձեռվեց կատարել օզոնաչափական դիտարկում տարածաշրջանում միակը հանդիսացող Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրի միջոցով, սակայն կայանի մասնագետը տեղում մանրամասն ներկայացրեց իրականացվող չափումների, ստացված տվյալների կարևորությունը և դրանք միջազգային ցանց ներկայացնելու ընթացակարգը:

Հասարակության պաշտպանվածության աստիճանի բարձրացման նպատակով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը մշակում է ՈՒՄԻ (ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքս) ամենօրյա կանխատեսումներ, որոնք յուրաքանչյուր աշխատանքային օր հրապարակվում են «Օզոնայիին շերտի պահպանություն» ծրագրի կայքէջում, ինչպես նաև սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում և Ինսթագրամում։