
2021 թ. հուլիսի 1-ին օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն անցկացրել է դասախոսություն Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար «Մարդիկ և շրջակա միջավայր» դասընթացի շրջանակներում։
Դասընթացն անդրադառնում է բնապահպանական արդի սկզբունքներին ու հիմնախնդիրներին, ներառյալ կլիմայի փոփոխությանը, կենսաբազմազանության նվազմանը, ազոտի և ֆոսֆորի ցիկլի խանգարումներին, էվտրոֆիկացմանը, քիմիական աղտոտմանը (ներառյալ կայուն օրգանական աղտոտիչները, ծանր մետաղները, մասնիկները, և այլն), բնական միջավայրի դեգրադացիային (անտառների հատում, խոտհարքների փոփոխում և ջրահեռացում) և այլն:
Եվ որպես գլոբալ բնապահպանական խնդիրների լուծմանն օժանդակող ամենահաջողված օրինակ ուսանողներին ներկայացվեց Մոնրեալի արձանագրության փորձը և օզոնային շերտի վերականգնմանն ուղղված ջանքերը: Դասախոսությունն ընդգրկում էր օզոնային շերտի քայքայման գիտական հիմքերը, դրա վերականգնմանն ուղղված գլոբալ ջանքերը, ինչպես նաև միջազգային համաժողովների ընթացքում կատարված աշխատանքներն ու Հայաստանի ներդրումը վերոգրյալում:
Շրջակա միջավայրի նախարության Օզոնի ծրագիրը 2005 թվականից ի վեր օգտագործում է դասախոսությունների ձևաչափը որպես խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հաջողված գործիք: