Օզոնի
ծրագիր

ՄԱԱԶԿ ներկայացուցիչների այցը «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիր
15.11.2023

2023 թվականի նոյեմբերի 13-15-ը պաշտոնական այցով Հայաստանում էին ՄԱԱԶԿ (UNIDO) ներկայացուցիչներ պարոն Ֆուկույա Իինոն և տիկին Վիկտորիա Կոտլուբեյը: Այցի նպատակն էր` տեղում ծանոթանալ սառեցման և օդորակման ոլորտում գործող կառուցակարգերին, ոլորտային որոշ կազմակերպությունների, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին, Հայաստանում կիրառվող նոր տեխնոլոգիաներին և կիրառման միտումներին:

Հանդիպումները մեկնարկեցին Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի գրասենյակում, որտեղ ՄԱԱԶԿ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրազեկվելու ծրագրի կողմից իրականացված և իրականացվող ծրագրային գործողություններին, ներպետական օրենսդրական նախատեսվող ուղղություններին, ոլորտային տվյալների հավաքագրման նպատակով երկրում կիրառվող ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ գործիքներին և խոչընդոտներին, ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքներին:

Նոյեմբերի 13-ին հանդիպում տեղի ունեցավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջին մասնագիտական կրթության ոլորտային ստորաբաժանման ներկայացուցիչների հետ, որի ընթացում ներկայացվեց ոլորտային մասնագիտական կրթության բնագավառում գրանցված հաջողությունները, խոչընդոտները և ոլորտը զարգացնելու առկա հնարավորությունները:

Եռօրյա այցի ընթացում հանդիպումներ են եղել Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում գործող մի շարք սառնարանային կայանքների, օդորակման համակարգերով գործունեություն ծավալող և մեքենաների սպասարկմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ:

ՄԱԱԶԿ ներկայացուցիչներն այցն ամփոփեցին Արմավիրի պետական տարածշրջանային քոլեջում, որտեղ հանդիպեցին քոլեջի տնօրինության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ներկա գտնվեցին դասընթացին, դիտարկման երնթարկեցին «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի աջակցությամբ վերազինված քոլեջի մասնագիտական լաբորատորիան՝ քննարկելով քոլեջը նոր սարքավորումներով համալրելու և մասնագիտական նոր գրականությամբ ապահովելու հնարավորությունները: