
Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի մեկնարկեցին Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարի պատվավոր այցով Հայաստանի Հանրապետություն:
2023 թ. սեպտեմբերի 14-ին Շրջակա միջավայրի նախարարությունը «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում (UNIDO) կազմակերպեց հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար տիկին Սեկի Նակամուրան, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, ներկայացուցիչներ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի նախարարություններից, Պետական եկամուտների կոմիտեից, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից, «Դայքին» ընկերությունից, ինչպես նաև մի շարք ՀԿ-ներից:
Ողջունելով Օզոնի քարտուղարի այցը Հայաստան՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորեց գործընկերներին բնապահպանական տոնի առթիվ, խոսեց Օզոնային շերտի պահպանությանն ուղղված ՀՀ կառավարության միջոցառումներից և ծրագրերից՝ ընդգծելով նախարարության ջանքերը հզորացնելու և արդիականացնելու երկրի ոլորտային ինստիտուցիոնալ կարողությունները և ամրապնդելու գոյություն ունեցող համակարգը:
Պարոն Սիմիդյանի կողմից գործընկեր գերատեսչություններին հանձնվեցին շնորհակալագրեր` ի նշան օզոնային շերտի պահպանության գործում ունեցած մեծ ներդրման:
Ելույթներով հանդես եկան Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչները, Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը, ով հաշվետվողական բնույթ կրող սահիկաշարով ներկայացրեց Հայաստանի քայլերը Մոնրեալի արձանագրության և Վիեննայի կոնվենցիայի իրականացման ուղղությամբ, աշխատանքի սկզբունքներն ու արձանագրված արդյունքները:
Բնապահպանական տոնի առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակում տիկին Սեկի Նակամուրան նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, տնօրենի տեղակալներ Գագիկ Սուրենյանի և Գայանե Շահնազարյանի, Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ) «Ամբերդ» օզոնաչափական դիտակայան: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրին իրականացվող չափումների, ստացված տվյալների կարևորությունն ու կայանի ողջ գործունեությունը:
Ամբերդ օդերևութաբանական կայանից ստացված օզոնի ընդհանուր պարունակության մոնիթորինգի արդյունքները սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ ուղարկվում են Օզոնի և Ուլտրամանուշակագույն Ճառագայթման Տվյալների Համաշխարհային Կենտրոն (WOUDC – Տորոնտո, Կանադա)՝ ըստ DWD-ի հետ կնքված պայմանագրի։