
Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացրեց վերապատրաստման դասընթացների II փուլը տարածաշրջանային երեք պետական քոլեջների դասախոսական անձնակազմի համար: Վերապատրաստումն իրականացվել է Շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնում հունիսի 3-9-ը:
Այս փուլում շեշտը դրված էր օդորակման համակարգերի սպասարկման, մոնտաժման և ապամոնտաժման վրա: Ձեռք բերած փորձը դասախոսները ներդնելու են «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ նախատեսված «Ջեռուցման, օդափոխման, օդի լավորակման և սառնագենտային համակարգերի բաղկացուցիչ մասերի դասակարգումը և դրանցում տեղի ունեցող մեխանիկական, թերմոդինամիկական, էլեկտրական և մագնիսական երևույթների հիմունքներ»,«Ջեռուցման, օդափոխման, օդի լավորակման և սառնագենտային համակարգերի մոնտաժում, շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքներում օգտագործվող գործիքներն ու սարքավորումները» առարկաների դասավանդման մեջ՝ ի թիվս այլ առարկաների:
Տեսական գիտելիքներն ամրապնդելու համար դասընթացները ներառել են նաև մասնագիտական այցեր «Աղաբաբյանս» հյուրանոց, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն, իսկ «Կիլիկիա» գործարանում դասախոսական կազմին ու քոլեջների ուսանողներին հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալ ամոնիակային կայանքներին:
Վերապատրաստման վերջին օրը՝ հունիսի 9-ին, մասնակիցներին շնորհվել են դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայականներ: